Ինչ կապ կա գույների հոգեբանության և մարքեթինգի միջև
Բրենդի կարևորագույն հատկանիշներից մեկը տեսքն է: Բրենդի միայն տեսքը կարող է շատ բան ասել և կարող է ազդել հաճախորդների գիտակցության վրա: Այդ պատճառով բրենդավորման և մարքեթինգի ժամանակ ընկերությունները պետք է ուշադրություն դարձնեն գույների ընտրությանը: Սակայն մինչ գույնի ընտրություն կատարելը պետք է հաշվի առնել` ինչպես է աշխատում գույների հոգեբանությունը կամ ինչպես են գույները ազդում հաճախորդների գիտակցության վրա:
Ինչու է կարևոր գույնի ընտրությունը
Որոշ ընկերություններ այնքան հայտնի են, որ կարիք չունեն հատուկ գույների և հնարքների դիմելու: Օրինակ` Nike ընկերության մոնոխրոմ լոգոն ավելի խոսուն է, քան որոշ գունավոր լոգոներ:
Գույների ազդեցությունը մարքեթինգի վրա ուսամնասիրության արդյունքում հետազոտողները պարզել են, որ ապրանքի մասին դատողությունների գրեթե 90%-ի հիմքում ապրանքի գույնն է:
Մեկ այլ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գույները մեծ ազդեցություն ունեն հաճախորդների՝ գնում կատարելու որոշման վրա, քանի որ հենց գույներով է պայմանավորված` ինչպես է բրենդը ընկալվում հաճախորդների կողմից: Այսպիսով, ուղիղ կապ կա գույների և հաճախորդների որոշումների միջև:
Color Research & Application ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նոր բրենդերի համար կարևոր է լոգոյի տարբերվող գույնի ընտրությունը: Այսինքն` նոր ընկերության լոգոն պետք է տարբերվի հակառակորդների լոգոներից: Եթե հակառակորդները օգտագործում են կապույտ գույնը, պետք է խուսափել կրկնվելուց:
Սակայն միայն հաճելի և տարբերվող գույն ընտրելը բավարար չէ հաջողության հասնելու համար: Բրենդի տեսքի, տրամադրության և գաղափարախոսության միասնությունն է, որ ստիպում է հաճախորդին օգտվել բրենդից:
Որևէ գույնի չպատճառաբանված ընտրությունը անիմաստ է: Չկա կոնկրետ գույն, որ ստիպում է հաճախորդներին գնում կատարել: Փոխարենը գոյություն ունի գույների հոգեբանություն, որն իմանալով` Դուք կկարողանաք համապատասխան գույն ընտրել հենց Ձեր բրենդի համար:
Ինչ զգացումներ են առաջացնում գույները
Որոշ ընկերություններ թերագնահատում են գույների ընտրության կարևորությունը բրենդավորման հարցում: Նրանց միայն հետաքրքրում է, թե ինչպես է նայվում գույնը: Գույները ազդում են մարդկանց տրամադրության և զգացումների վրա: Ամեն գույն որոշակի զգացում է առաջացնում՝
Կարմիր
Մինչ օրս առավելագույն ուշադրություն գրավելու համար կարմիրը մարքենթինգում գործածվող գույներից լավագույնն է: Այն ասոցացվում է կրքի և ոգևորության հետ: Սակայն կարմիրը նաև տագնապի նշան է, այդ պատճառով զեղչերն ու ակցիաների սահմանափակ ժամանակը շեշտելու համար օգտագործվում է հենց կարմիրը:
Կարմիրը նաև ասոցացվում է ախորժակի հետ, դա է պատճառը, որ արագ սննդի ռեստորանները բրենդինգի համար օգտագործում են հենց կարմիրը:
Հիշեք ամենախոշոր՝ արագ սնունդ մատակարարող ընկերությունների լոգոները. McDonald’s, Burger King, KFC, Pizza Hutz, Dominoes: Բոլորը կարմիր են:
Կապույտ
Կապույտը խաղաղության, հանգստության, վստահության խորհրդանիշն է: Դուք չեք տեսնի որևէ արագ սննդի ռեստորան, որն օգտագործի կապույտը բրենդավորման մեջ:
Քանի որ կապույտը վստահություն է խորհրդանշում, գրեթե բոլոր սոցիալական կայքերը օգտագործում են այն՝ որպես բրենդի հիմնական գույն:
Lավագույն օրինակներն են` Facebook, Twitter և LinkedIn սոցիալական ցանցերը:
Կանաչ
Կանաչը ասոցացվում է բնության, առողջության և հզորության հետ: Շրջակայքով և բնապահպանությամբ զբաղվող ընկերություններն ու կազմակերպությունները հիմնականում օգտագործում են կանաչ գույնը:
Մանուշակագույն
Մանուշակագույնը ազնվականության, հարգանքի, ազատության և շքեղության գույնն է: Այս գույնը շատ է օգտագործվել թագուհիների և թագավորների իրերի և հագուստների մեջ: Մանուշակագունը ներշնչում է ստեղծարար մոտեցում:
Hallmark ընկերությունը օգտագործում է մանուշակագույնը՝ շքեղության զգացում առաջացնելու համար: Ընկերությունը նույնիսկ թագ է օգտագործել լոգոյի մեջ:
Asprey of London ընկերությունը, որն ազնվական ընտանիքներին թագեր և պարագաներ է մատակարարում 1700-ականներից սկսած, նույնպես օգտագործում է մանուշակագույնը:
Նարնջագույն և դեղին
Այս երկու գույները լավատեսություն են ներշնչում: Որոշ մասնագետներ պնդում են, որ նարնջագույնը գնում կատարելու ձգտում է առաջացնում, իսկ դեղինը միանգամից ուշադրություն է գրավում և բարձրացնում է տրամադրությունը:
Նարնջագույնը հաճախ հանդիպում է սպորտային թիմերի բրենդինգում՝ որպես լավատեսության և հաղթանակի խորհրդանիշ:
Նարնջագույնը օգտագործում են այնպիսի թիմեր, ինչպիսիք են` the Phoenix Suns, the Cincinnati Bengals, the San Francisco Giants և այլն:
Սև
Չափազանց հաճախ կիրառելու դեպքում սևը կարող է ճնշող լինել: Ինչևիցե, այն օգտագործվում է որպես իշխանության, էլեգանտության, որակի և համբավի նշան:
Adidas ընկերությունը սպորտային հագուստ և կոշիկներ արտադրող ամենահայտնի ընկերությունն է: Ինչպես երևում է ընկերության լոգոյից, Adidas-ը օգտագործում է երեք սև գծիկները բոլոր ապրանքների վրա: Ընկերության նպատակն է ոգեշնչել ատլետներին:
Սպիտակ
Սպիտակը կապված է մաքրության, պարզության և ապահովության հետ: Այն նաև հարմար է կրեատիվ դիզայն ստեղծելու համար:
Լավագույն օրինակը Apple ընկերությանն է:
Ինչպես ընտրել համապատասխան գույն կայքի համար
1. Պետք է նախապատվությունը տալ բնական գույներին
Դրանք ավելի հաճելի են, քան արհեստական երանգները: Անբնական գույները, ինչպիսիք են` վառ կանաչը, կապույտը և կարմիրը, սովորաբար հոգնեցնում են աչքերը և վանում են հաճախորդներին: Ստեղծեք բնական գույների այնպիսի միասնություն, որ ցանկալի ազդեցություն կունենա այցելուների վրա: Իսկ եթե ցանկանում եք միանգամից գրավել հաճախորդների ուշադրությունը, կարող եք դիմել վառ և անբնական գույների օգնությանը:
2. Ստեղծել ուժեղ կոնտրաստ էջի ֆոնի և տեքստի մեջ
Ուժեղ կոնտրաստ ստեղծելու լավագույն տարբերակը սպիտակ ֆոնի վրա սև տեքստն է: Տեքստը շեշտելու համար՝ որպես ֆոն կարելի է օգտագործել նաև մուգ կապույտը, մոխրագույնն ու սևը:
3. Ընտրել 3 տարբեր գույներ կայքի համար
Անչափ կարևոր է հաշվի առնել, թե քանի գույն եք օգտագործում կայքի դիզայնը ստեղծելիս: Չորս կամ հինգ գույն օգտագործելը նորմալ է: Հինգից ավել գույները ոչ միայն գեղեցիկ չեն նայվի, այլև կշեղեն հաճախորդների ուշադրությունը կայքի կարևոր մասերից:
4. Հաշվի առեք տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց կարիքները
Ձեր կայքի տեղեկատվությունը պետք է հասանելի և ընթեռնելի լինի բոլորի համար: Այդ պատճառով պետք է ուշադրություն դարձնել կայքում օգտագործված գույներին և տառաչափերին:
Պայմանավորված սեռով, տարիքով և ազգային պատկանելությամբ՝ մարդկանց ընկալումները գույների վերաբերյալ տարբեր են:
Տարեց, թե երիտասարդ
Տարբեր տարիքի մարդիկ տարբեր կերպ են արձագանքում գույներին: Որքան մեծ է մարդը, այնքան հաճելի են նրա համար հանգիստ գույները: Իսկ երիտասարդները նախապատվությունը տալիս են վառ գույներին: Կայքի գունային ընտրությունը պետք է կախված լինի նրանից, թե որ տարիքային խմբին են պատկանում Ձեր թիրախային հաճախորդները:
Կին, թե տղամարդ
Տղամարդիկ նախընտրում են կապույտն ու նարնջագույնը, իսկ կանայք՝ կարմիրն ու դեղինը: Մի հետևեք այն թյուր կարծիքին, թե վարդագույնը իգական սեռի նախընտրած գույնն է: Որոշ կանայք սիրում են այդ գույնը, փոխարենը մյուսները ատում են այն: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կապույտը տղամարդկանց 57%-ի և կանանց 35%-ի սիրելի գույնն է:
Ազգերն ու գույները
Եթե Դուք չեք պատրաստվում սահմափակել Ձեր գործունեությունը որևէ երկրի սահմաններում, պետք է ուսումնասիրեք, թե ինչպես է այս կամ այն գույնը ընկալվում տարբեր մշակույթներում և տարբեր ազգերի մոտ:
Օրինակ` սպիտակ գույնը արևմտյան մշակույթում մաքրություն և պարզություն է խորհրդանշում, իսկ արևելքում՝ Չինաստանում, Ճապոնիայում և Հնդկաստանում, դժբախտություն:
Իսկ վարդագույնը, որ հաճախ է օգտագործվում Ճապոնիայում, Հնդկաստանում և որոշ Եվրոպական երկրներում ընկալվում է որպես «ոչ տղամարդկային» գույն:
Որոշ արաբական երկրներում մանուշակագույնը ասոցացվում է անբարոյականության և հակաիսլամական և հակահուդայական գաղափարների հետ:
Եթե կանաչը օգտագործվում է ԱՄՆ-ի ֆինանսական համակարգում՝ որպես կանաչ դոլարի նշան, ապա այն երկրներում, որտեղ թղթադրամները երփներանգ են, կանաչ գույնը գումարի խորհրդանշան չի լինի:
Այս գործիքների միջոցով կարող եք ստեղծել գույների լավագույն համադրությունները
1. Adobe Kuler
2. ColourLovers
3. Red Alt - I Like Your Colors
4. ColorJack
5. DeGraeve Color Paletter Generator